Երկրի ընդերքի հանքային պաշարները հանդիսանում են երկրի անկախության, ազգային հարստության և հզորության հիմնական ցուցանիշները։ Ընդերքին առնչվող երկրաբանական խնդիրների լուծումը անհնար է առանց լաբորատոր հետազոտությունների, որոնց արդյունքները արտացոլում են երկրաբանական աշխատանքների որակը։ Յուրաքանչյուր վերլուծական տվյալ իր արտահայտությունն է գտնում այդ հետազոտությունների արդյունավետության մեջ։
«Անալիտիկ» ՍՊԸ-ն (նախկինում՝ Երկրաբանական վարչության Կենտրոնական լաբորատորիա) հանրապետությունում եզակի լաբորատոր հաստատություն է, որտեղ իրականացվում են ընդերքի ուսումնասիրմանը վերաբերող երկրաբանական նմուշների համակողմանի հետազոտություններ։ Լաբորատորիան հիմնադրվել է դեռևս 1958 թվականին և անընդմեջ գործել է մինչ օրս՝ չդադարեցնելով իր գործունեությունը անգամ Խորհրդային Միության փլուզումից հետո։
1991 թվականից լաբորատորիան ընդգրկվել է Խորհրդային Միության 8 արտաքին վերահսկողության լաբորատորիաների ցանկում (Անդրկովկասյան տարածաշրջանում՝ միակը)։ Հարկ է նշել, որ «Անալիտիկ» ՍՊԸ-ի կողմից իրականացված բազմաբնույթ և բազմաքանակ հետազոտությունների հիման վրա հաշվարկվել են Հանրապետության կարևորագույն հանքավայրերի պաշարները, այդ թվում՝ Սոթք, Տերտերասար, Լիճքվազ, Հանքավան, Մղարթ, Ազատեկ, Թուխմանուկ, Մարջան, Մեղրաձոր և այլ հանքավայրեր։
Լաբորատոր հետազոտությունների հիմնական օբյեկտներն են պոլիմետաղական, սուլֆիդային, պղնձային, պղինձ-խալկոպիրիտային և պղինձ-մոլիբդենային հանքաքարերը, խտանյութերը, սիլիկատ-կարբոնատային ապարները, շինանյութերը, հանքային, խմելու և ստորերկրյա ջրերը, մետաղական թափոնները և այլն։
1999 թվականին, մասնակցելով U.S. Geological Survey-ի կողմից ֆինանսավորվող Round Robin ծրագրին՝ վերլուծական արդյունքների համեմատության նպատակով, աշխարհի 42 լաբորատորիաներից «Անալիտիկ» ՍՊԸ-ի ծրագրին մասնակցած երեք աշխատակիցներ 2000 թվականին իրենց բացառիկ արդյունքների համար արժանացել են լաբորատոր աշխատանքի միջազգային որակի վկայագրի։
Նմուշների վերլուծական հետազոտությունները՝ նախապատրաստումից մինչև արդյունքների ամփոփում, իրականացվում են Վերլուծական մեթոդների գիտական խորհրդի կողմից հաստատված մեթոդներով և միջպետական ու ազգային ստանդարտներին համապատասխան։ Աշխատանքների որակի վերահսկումն իրականացվում է ինչպես միջազգային, այնպես էլ ներլաբորատոր ստանդարտ նմուշների կիրառմամբ։
Լաբորատորիան համալրված է նաև անհրաժեշտ գիտատեխնիկական և նորմատիվ փաստաթղթերով, ինչը հնարավորություն է տալիս լաբորատոր հետազոտություններն իրականացնել պատշաճ մակարդակով և երկրաբանական աշխատանքների ցանկացած փուլում ապահովել հավաստի վերլուծական տեղեկատվություն։
Տեխնիկական հագեցվածությունը, մասնագետների բարձր որակավորումը, բարձր մասնագիտացված աշխատանքների արդյունավետ կազմակերպումը և վերլուծական տվյալների ճշգրտությունը արժանի գնահատականի են արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Կառավարության № 1678 (09.11.2006թ.) որոշմամբ «Անալիտիկ» ՍՊԸ-ին վերապահվել է Հանրապետությունում հանքային նմուշների վերահսկիչ վերլուծությունների իրականացման իրավասություն։
Լաբորատոր աշխատանքի բարձր որակի, հաճախորդների պահանջների մշտական կատարման, գործընկերների հետ արդյունավետ համագործակցության և միջազգային ճանաչման համար ընկերությունը 2007 թվականին արժանացել է «Global Arch» միջազգային մրցանակի և ոսկե մեդալի։
Այս ձեռքբերման վառ հաստատումն է 2011 թվականի մայիսին գերմանական TÜV NORD սերտիֆիկացման ընկերության կողմից «Անալիտիկ» ՍՊԸ-ին շնորհված միջազգային որակի վկայականը (№ 44 100 115932)։
Հայաստան, 0036, Երևան, Ալիխանյան 2
office@analitikcenterlab.am
+374 12 333444
© analitikcenterlab.am Բոլոր իրավունքները պաշտպանվա են
Պատրաստող՝ «Անալիտիկ» ՓԲԸ