Անալիտիկ ՓԲԸ Պատմությունը

Ընդերքում գտնվող օգտակար հանածոների պաշարները հանդիսանում են տվյալ երկրի անկախության, ազգային հարստության և հզորության հիմնական չափանիշները: Իսկ ընդերքի հետ կապված երկրաբանական խնդիրների լուծումն անհնար է առանց լաբորատոր ուսումնասիրությունների, որոնց արդյունքները երկրաբանական աշխատանքների հայելին են: Յուրաքանչյուր անալիտիկ տվյալ իր արտացոլումն է գտնում այդ աշխատանքների արդյունավետության մեջ: ՙԱնալիտիկ՚ ՓԲԸ (նախկինում` Երկրաբանական վարչության Կենտրոնական լաբորատորիան) Հանրապետությունում իր նմանը չունեցող լաբորատոր հաստատությունն է, որտեղ կատարվում են ընդերքի ուսումնասիրությունների հետ կապված երկրաբանական նմուշների համալիր հետազոտություններ: Լաբորատորիան հիմնադրվել է դեռևս 1958 թ., անխափան գործում է մինչև օրս, չդադարեցնելով իր գործունեությունը նույնիսկ մեկ օրով` Խորհրդային Միության փլուզումից հետո: 1991 թվականից լաբորատորիան ընդգրկված է եղել Խորհրդային Միության 8 արտաքին հսկողական լաբորատորիաների ցանկում (միակը Անդրկովկասում): Հարկ է նշել, որ ՙԱնալիտիկ՚ ՓԲ ընկերության կողմից կատարված բազմաթիվ և բազմատեսակ հետազոտությունների արդյունքների հիման վրա կատարվել են հանրապետության այնպիսի կարևորագույն հանքավայրերի պաշարների հաշվարկներ, ինչպիսիք են Սոտքը, Տերտերասարը, Լիճքվազը, Հանքավանը, Մղարթը, Ազատեկը, Թուխմանուկը, Մարջանը, Մեղրաձորը և այլն: Լաբորատոր հետազոտությունների հիմնական առարկաներն են հանդիսանում բազմամետաղ, սուլֆիդային, պղնձային, պղնձակոլչեդային, պղնձամոլիբդենային հանքանյութերը, խտանյութերը, սիլիկատային կարբոնատային լեռնային ապարները, շինարարական նյութերը, հանքային, խմելու, ստորգետնյա ջրերը, մետաղական թափոնները և այլն: 1999 թ. մասնակցելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կողմից ֆինանսավորվող անալիտիկ արդյունքների համեմատության Ռաունդ Ռոբին ծրագրին, աշխարհի 42 լաբորատորիաներից ՙԱնալիտիկ՚ ընկերության կողմից ծրագրին մասնակցող 3 աշխատողներին բացառիկ արդյունքների համար 2000 թվականին հանձնվեց լաբորատոր աշխատանքների որակի միջազգային ընծայագիր: Նմուշների անալիտիկ հետազոտությունները սկսած նմուշների նախապատրաստումից մինչև արդյունքների ամփոփումը կատարվում են անալիտիկ մեթոդների գիտական խորհրդի կողմից հաստատված մեթոդներով և միջպետական ու հանրապետական ստանդարտներով: Աշխատանքների որակի հսկողությունն իրագործվում է միջազգային և ձեռնարկության ստանդարտ նմուշներով: Լաբորատորիան ապահովված է նաև բոլոր անհրաժեշտ գիտատեխնիկական և նորմատիվ փաստաթղթերով, որոնք հնարավորություն են տալիս լաբորատոր հետազոտությունները կատարել պատշաճ մակարդակով` ապահովելով վստահելի անալիտիկ տեղեկատվություն երկրաբանական աշխատանքների ցանկացած փուլում: Տեխնիկական զինվածությունը, մասնագետների բարձր որակավորումը, նեղ մասնագիտացված աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, անալիտիկ տվյալների ճշգրտությունը արժանիորեն գնահատվեց նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից , որի № 1678 որոշմամբ (09.11.2006 թ.) ՙԱնալիտիկ՚ ՓԲ ընկերությունը Հանրապետությունում իրականացնում է օգտակար հանածոների նմուշների հսկողական անալիզներ: Լաբորատոր աշխատանքների բարձր որակի, պատվիրատուների պահանջների մշտական կատարելագործման ու գործընկերների հետ հարաբերությունների լավագույն փոխըմբռնման և համընդհանուր ճանաչման համար ընկերությունը 2007 թ. տվյալներով ճանաչվել է Միջազգային ՙՄիջազգային կամար՚ մրցանակաբաշխության հաղթող և պարգևատրվել ոսկե մրցանակով: Շարադրվածի վառ ապացույցն է հանդիսանում 2011 թ. մայիսին Գերմանական TÜV NORD սերտիֆիկացնող ընկերության կողմից ՙԱնալիտիկ՚ ՓԲԸ-ին հանձնված որակի միջազգային սերտիֆիկատը (№ 44 100 115932):

Անալիտիկ ՓԲԸ գլխավոր տնօրեն

«Անալիտիկ ՓԲԸ»-ի գլխավոր տնօրենն է Վարագ Նահապետյանը: